Հայերն աշխարհի ամենահին ազգերից են։
Հայկական մշակույթը արմատացած է հազարամյակների խորքերում, և հայկական մշակութային շատ արժեքներ հարստացրել են համաշխարհային քաղաքակրթությունը։
Դեռևս հին ժամանակներից հայկական մշակույթը պահել է կապը ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան մշակույթների հետ՝ քայլելով ժամանակին համահունչ։ Հայ ազգային մշակույթում արտացոլված է քրիստոնեական բարոյախոսությունը և հոգևոր արժեքները, որոնք արտահայտում են հայ ազգի ընհանուր կերպարը։ Կրոնի և մայրենի լեզվի հետ մեկտեղ հայ ազգային մշակույթը հայ ժողովրդի ինքնության պահպանման կարևոր գործոն է։
Հայկական արվեստը սկիզբ է առնում հազարամյակների խորքից: Սակայն հայկական արվեստը իր տոհմիկ նկարագիրն է ստացել դասական միջնադարում, 4-14-րդ դարերում՝ շնորհիվ գրականության, ճարտարապետության, նկարչության, կերպարվեստի և կիրառական արվեստի: Վերջինիս մեջ իրենց առանձնակի տեղն ունեն նաև գորգագործությունն ու կարպետագործությունը:
Հայկական գորգագործության արտադրանքը դեռևս միջնադարում դառնում է համաշխարհային վաճառաշահ ապրանք և հենց միջնադարում էլ հայկական գորգերի հռչակը տարածվում է աշխարհով մեկ:
Հայ ժողովուրն ունի տարբերվող ազգային հագուստ։ Հայկական ազգային հագուստը (տարազը), արտացոլում է հայ ժողովրդի հարուստ մշակույթը: Հայկական տարազը, ունենալով դարավոր պատմություն, արտացոլում է հայկական մշակույթի ինքնատիպությունն ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները:
Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմությունն ու ողջախոհությունը, կարմիրը՝ քաջությունն ու մարտիրոսությունը, կապույտը՝ երկնային արդարությունը, սպիտակը՝ մաքրությունը։ Հայկական ազգային տարազը համադրվում է արծաթյա վզնոցների և թևնոցների հետ։ Տարազի վերջնական տարրը գլխազարդն է։
Հայկական գեղարվեստը դարերի ընթացքում ստեղծել է մնայուն արժեքներ՝ հնագույն քանդակներ, որմնանկարներ, միջնադարյան գրքային մանրանկարչության հրաշալի նմուշներ, նոր ժամանակների գեղանկարներ։ Հայ ժամանակակից գեղանկարչության զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Վերջին տասնամյակների ընթացքում արվեստի լավագույն նմուշներ են ստեղծվել նկարիչներ Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Խանջյանի, քանդակագործներ Նիկողոս Նիկողոսյանի, Լևոն Թոքմաջյանի, Արտաշես Հովսեփյանի, Արա Հարությունյանի և այլ արվեստագետների կողմից։ Հայկական կերպարվեստը միշտ առանձնացել է իր ոճային բազմազանությամբ, համաշխարհային արվեստի նորագույն միտումների նկատմամբ զգայունությամբ, ստեղծագործական նորամուծությունների կիրառմամբ:
Հայկական խաչքարը ճարտարապետական մանր կոթողային ձև է, տափակ սալիկի վրա փորագրված զարդանախշերի պատկեր , որի հիմքում խաչն է։ Խաչքարը հոգևոր արժեք է։ Խաչքարերը բնորոշ են միջնադարյան քրիստոնեական հայ արվեստին։ Առաջին խաչքարի ստեղծումը թվագրվում է 879 թվականին (Գառնիում), որի վրա արդեն առկա էին խաչքարի հիմնական խորհրդանշական տարրերը։
2010 թվականից խաչքարերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Խաչքարի վրա սովորաբար փորագրված են լինում նաև նախշեր` տերևներ, խաղող, նուռ, ինչպես նաև աստվածաշնչյան պատկերներ:
5-րդ դարում հայ գրերի ստեղծմամբ հայ գրականությունը, որն ունի բանավոր ստեղծագործության մեծ ավանդություններ, թևակոխեց զարգացման նոր փուլ։ Անցած դարերի ընթացքում հայ գեղարվեստական գրականությունը մեծ ճանապարհ էր անցել՝ արտացոլելով հայերի պատմական կյանքի իրադարձությունները։ Տարբեր դարաշրջանների հայ գրականության լավագույն ստեղծագործությունները մշտապես արժանացել են հասարակական լայն արձագանքի, նպաստել հայության ազատագրական մտքի ձևավորմանը։
Թատերական արվեստը Հայաստանում հայտնի է եղել դեռ հնագույն ժամանակներից։
Հայկական թատրոնի ձևավորումը սկիզբ է առել հայոց թագավոր Տիգրան Մեծի օրոք։ Հայաստանում պատմականորեն հայտնի առաջին թատրոնը կառուցվել է Տիգրան Մեծի օրոք մ.թ.ա. 69 թվականին Տիգրանակերտում։
Ժողովրդական և բացօթյա ներկայացումներ, ծանոթություն հնագույն դրամատուրգիայի հետ, առաջին սիրողական թատերախմբերի ստեղծում և վերջապես պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծում. սրանք են հայ բեմարվեստի զարգացման կարևոր կետերը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են երեք տասնյակից ավելի թատրոններ։
1920-ականների սկզբին հանրապետությունում ստեղծվեց «Հայֆիլմ» կինոստուդիան, որի առաջատար կինոռեժիսորը Համո Բեկնազարյանն էր։
Տարբեր տարիներին ստեղծված գեղարվեստական ֆիլմերից առավել հայտնի են «Պեպո» (հայկական առաջին հնչյունային ֆիլմը, ռեժիսոր Հ. Բեկնազարյան, 1935 թ.), «Եռանկյունի» (1967, ռեժիսոր Գ. Մալյան), «Մենք և մեր սարերը» ( 1969, ռեժիսոր՝ Գ. Մալյան), «Նռան գույնը» (1969, ռեժիսոր՝ Ս. Փարաջանով), «Մեր մանկության տանգոն» (1985, ռեժիսոր՝ Ա. Մկրտչյան) ֆիլմերը։
Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայոց լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Մ.թ.ա III դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ 301 թ. քրիստոնեության ընդունումից հետո առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը։
Հայկական ժողովրդական երաժշտության մեջ կիրառվող հիմնական գործիքներն են դուդուկը, դհոլը, զուռնան, քամանչան և քանոնը:
Հայկական երաժշտությունը անցել է տարբեր ձևավորման տարբեր փուլերով` բանահյուսությունից մինչև ժամանակակից երաժշտության տարբեր ժանրեր:
Ուշ միջնադարում աշուղները` երգիչ-բանաստեղծները, նվագում էին քամանչա և սազ: Սայաթ-Նովան 18-րդ դարի աշուղ և բանաստեղծ է, սիրային երգերի ամենահայտնի աշուղը։
Հայ երաժշտության նվաճումները աշխարհին հայտնի դարձան Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ա. Խաչատուրյանի, Ա. Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների, ժողովրդական երգերի ու պարերի, ժողովրդական կատարողների, ինչպես օրինակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայ աշխարհահռչակ երաժիշտների՝ ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի, փոփ աստղ Շերի, System of a Down մետալ խմբի շնորհիվ:
Հայկական մշակութային արժեքների շարքում առաջատար դիրք է զբազեցնում հայկական պարը։
Հայկական պարարվեստի ժառանգությունը համարվում է հնագույններից և ամենատարբերվողներից մեկը: Հայաստանի տարածքում դեռ մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակների ժայռապատկերների վրա պարեր պատկերող տեսարաններ կան: Այս պարերը հավանաբար ուղեկցվել են երգերով կամ երաժշտական գործիքներով։
Հայկական պարը նաև տարածում է գտել միջազգային հարթակում:
Հայկական պարի կարևոր բաղադրիչ է ազգային տարազը, որը մարմնավորում է հայկական մշակույթի պատմությունը:
Հայկական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային (տղամարդկանց, կանանց, մանկանց), որոնց մեջ առանձնանում են մենապարերը, զուգապարերը ու շուրջպարերը: Զանգվածային և խմբային պարերը կատարվում են տարբեր դասավորումներով` կլոր, փակ և բաց շրջանով, կիսաշրջանով, ուղիղ գծով: Մենապարերը կատարվում են ժողովրդական գործիքների, շուրջպարերը` հատկապես զուռնա-դհոլի նվագակցությամբ, պարողների երգեցողությամբ: