«Երևանի գինու օրեր» նախագիծը նույնպես մեծ մասսայականություն է վայելում Երևանում և այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառումն անցկացվում է գարնանը՝ մայիսին, խթանելով գարնանային զբոսաշրջությունը՝ հատկապես մայիսյան տոների շրջանակում: Գլխավոր կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երկու օր շարունակ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է հայկական գինեգործության հնագույն ավանդույթները: Միջոցառման գլխավոր նպատակն է բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացումը: Միջոցառման այցելուներին Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները ներկայացնում են գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարաններն առաջարկում են հայկական և արտասահմանյան խոհանոցների լավագույն ուտեստները:
«Երևանի գինու օրեր» միջոցառումը մշտապես ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն նվագախբերի, DJ-ների կատարումներով:
«Երևանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են միջազգային գինեգետներ, ճանաչված բլոգերներ: Միջոցառման կազմակերպիչներն ունեն համապատասխան պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ, ովքեր ապահովում են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: